Սրանք շատ վտանգավոր են հասարակության համար, ինչպես կատաղած շունը. Սասուն Միքայելյանը՝ Հրազդանի քաղքապետարանում
«Այստեղ մարդիկ կան, ում խոստացել եմ, որ վերադառնալու եմ և 20 տարի անց վերադարձա»,- Հրազդանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր՝ հուլիսի 16-ին, Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին ներկայացնելու ժամանակ դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին՝ նշել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին ներկայացրին Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին:
Հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով իր՝ քաղաքապետ եղած ժամանակահատվածից 20 տարի անց կրկին մտավ քաղաքապետարանի շենք:
Սասուն Միքայելյանը շնորհավորեց Լիլիթ Ստեփանյանին և նշեց, որ Հրազդանը հոգատարության կարիք ունի և ի դեմս Լիլիթի, խնդիրները շուտափույթ լուծում կստանան:
Միառժամանակ, Սասուն Միքայելյանը դիմելով ներկաներին՝ հիշեցրեց. «Այստեղ շատ մարդիկ կան, ում ես խոստացել եմ, որ վերադառնալու եմ ու 20 տարի անց վերադարձա: Մինչ այս, ես այս շենք ոտք չեմ դրել: Ուզում եմ, իմանաք, որ մենք թշնամիներ չենք փնտրում, էդ դուք եք թշնամացել՝ հեռանալով ժողովրդից: 20 տարի անց իմ ոտնամուտը քաղաքապետարան թող բարի լինի: Ես ուզում եմ դուք իմանաք, որ եթե այս տարիների ընթացքում Կոտայքն ունենար նորմալ մարզպետ ու Հրազդանն էլ լավ քաղաքապետ, մեր քաղաքի վիճակն էսպիսին չէր լինի»:
Լրագրողի հարցին, թե արդյոք Սասուն Միքայելյանը չի ներել քաղաքապետարանի որոշ աշխատակիցների, որոնք եղել են նախորդ քաղաքապետի մարդիկ, Միքայելյանը պատասխանեց. «Շենքն իր աշխատողներով այս տարիների ընթացքում քարացած է եղել և ժողովուրդը պիտի կարողանա մտնել այս շենք, ինչպես 20 տարի առաջ: Այստեղ մի թիմ է ձևավորվել, որն աշխատել է հակա մեր ժողովրդին: Ես այս քաղաքում 6 անգամ վստահության քվե եմ ստացել, ու էս կարգի մարդիկ կարողացել են կոտրել ժողովրդի հավատը: Բնականաբար, իրենք պիտի հասկանան ու իրենց տեղը գտնեն: Իրենք շատ վտանգավոր մարդիկ են հասարակության մեջ, ինչպես կատաղած շունը»:
Իր կրտսեր որդու՝ Սևակ Միքայելյանի, քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր առաջադրման մասին խոսելով՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ ապագան ցույց կտա՝ կառաջադրվի, թե ոչ, բայց առաջադրվելու դեպքում ինքն անձամբ ողջունելու է որդու որոշումը: