Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը չկայացավ
Երևանի ավագանու նիստը՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով չկայացավ. քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը 30 րոպե առաջ հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո հայտարարեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում՝ հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում՝ նիստը համարվում է չկայացած։
«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»:
Քաղաքապետի միակ թեկնածուն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր։
Նիստում, սակայն քվորում չկար, քանի որ նախօրեին ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ նիստին չեն մասնակցելու: Նիստին ներկա էր ընդամենը ավագանու 5 անդամ: Եթե նիստը չկայանա, ապա տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:
Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: