Երևանի ավագանու նիստ, քաղաքապետի ընտրություն. Ուղիղ
Երևանի ավագանին հուլիսի 16 - ին ընտրում է քաղաքապետ:
Քաղաքապետի արտահերթ ընտրությունը 30 րոպեով հետաձգվեց՝ քվորում չլինելու պատճառով։ Երևանի ավագանին այսօր պետք է քաղաքապետի արտահերթ ընտրություն անցկացներ, սակայն, քվորում չլինելու պատճառով նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց։
Ըստ օրենքի՝ ներկա պետք է լինեին ավագանու անդամների կեսից ավելին, սակայն նիստին ներկա էր ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
11:06
Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի կունենա Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը։
Երևանի ավագանու 3 խմբակցություններից 2-ը՝ «Հանրապետական կուսակցությունը» և «Ելքը», հայտարարել են քաղաքապետի ընտրություններին թեկնածու չառաջադրելու և ավագանու նիստին չմասնակցելու մասին։ Երկու խմբակցություններն էլ ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն են տեսնում։
Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, ում կողմնակիցները ընտրության նույն օրը և նույն ժամին նախաձեռնել են աջակցության հանրահավաք Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից 3 օր անց անցկացված նիստում Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին, ժամը 11.00-ին սահմանելու մասին որոշման նախագծին: