Ամուլսարում որևէ գործողություն չենք կարող իրականացնել, եթե չունենք դրա համար դե յուրե հիմնավորում. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, թե եթե Փաշինյանը ընդդիմադիր լիներ, Ամուլսարի հանքը չէր շահագործվի, նշեց՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում, և իրավիճակը քննվում է:
«Ինչպես անենք, որ Դուք մեկ օրով ընդդիմադիր դառնաք և փակենք Ամուլսարի թեման»,-գրել էր օգտատերը: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե իր վարչապետ դառնալուց հետո սկիզբ դրվեր հանքի շահագործմանը, ապա դա ինքը թույլ չէր տա, որովհետև աբսուրդ է Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորել, ինչպիսին էլ այն լինի:
«Բայց կա նաև երկրորդ խնդիր, որ մենք որևէ գործություն չենք կարող իրականացնել, եթե չունենք դրա համար դե յուրե հիմնավորում:
Հիմա ասում են՝ գնացեք, փակեք հանքը: Գնա՞նք, փակե՞նք առանց հիմնավորման. ամենաթողությունը հենց այդ ժամանակ է ստեղծվում, ձեզ թվում է՝ ամենաթողություն անողները հայտարարո՞ւմ են, որ իրենք գնում են, ամենաթողություն սկսեն:
Այսօր Ամուլսարն ենք փակում վարչապետի կամքով, հետո մի օր վարչապետի կամքով լրատվամիջոց կփակենք, հետո մարդկանց կփակենք վարչապետի կամքով, և սա ամենաթողություն է»,-ասաց Փաշինյանը:
Նա ասաց, որ ցավում է, որ իր՝ Ջերմուկ այցի ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել, իսկ հանքի շահագործումը ցավոտ հարց է, որը պետք է լուծվի օրենքի տառին համապատասխան:
Փաշինյանը նաև նշեց, որ ի վերջո, «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ հայտնում է, որ իրենք ունեն նախորդ կառավարության թույլտվությունը՝ 370 մլն դոլար ներդրում անելու և հանքը շահագործելու համար: