Իմ ընկերոջ ֆիրման է, կրիմինալ չկա. Բագրատ Նավոյանը «կարգոների» գործով հարցաքննվել է
«Կարգոների» կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է գործարար Բագրատ Նավոյանը:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության, «Արմ Ընդ Ման» և «Սարգսյան Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանը և Բագրատ Նավոյանը, օգտվելով ապրանքներ ներմուծելու և դրանք ցածր մաքսային արժեքով մաքսազերծելու իրենց տրված արտոնությունից՝ տարիներ շարունակ զբաղվել են Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներմուծմամբ և արտոնյալ պայմաններով դրանց մաքսազերծմամբ՝ այդ թվում՝ կիլոգրամներով: Ներմուծված ապրանքների իրական սեփականատերերը հանդիսացել են տարբեր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, որոնք իրենց ապրանքների տեղափոխումը և մաքսազերծումը կազմակերպել են նշված ընկերությունների միջոցով՝ հաշվի առնելով վերջիններիս տրված արտոնությունները: Պետությանը պատճառված վնասն այս պահի դրությամբ կազմում է 2 մլրդ 600 մլն դրամ:
NEWS.am-ի հետ զրույցում Բագրատ Նավոյանը հայտնեց, որ «Սարգսյան Իմպորտն» իրեն չի պատկանում, այլ ընկերոջը՝ Արսեն Խաչատրյանին:
«ՊԵԿ-ը եթե ստուգումներ է անցկացնում, Բագրատ Նավոյանին չի ստուգում, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը, «Բագրատտուրը» չի ստուգում, այլ ընկերոջ՝ Արսեն Խաչատրյանի ընկերությունը: Տուրիստները գնում են «Բագրատտուր»-ով Թուրքիա, ապրանք են գնում, «Սարգսյան Իմպորտը» Երևանում արդեն ձևակերպում, բաժանում է: Նորից եմ ասում՝ դա իմ ընկերոջ ֆիրման է, այդքան բան, ոչ մի կրիմինալ բան չկա: Ինչ վերաբերում է հրապարակված թվերին, դեռ ստուգումներ են, այս պահին հայտնի չէ՝ ինչ վնասի մասին է խոսքը»,- ասաց Բագրատ Նավոյանը:
Նա հայտնեց, որ քննչական բաժնում ինքն արդեն հարցաքննվել է, այժմ էլ տուրիստներին են հարցաքննության հրավիրում: