Գարեգին Բ-ն դուրս բերվել ցուցարարների շրջափակումից, նրան այլևս վտանգ չի սպառնում
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս է եկել շրջափակումից և ուղևորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,-գրել է նա:
Ավելի վաղ նույն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրել էր, որ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ «Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:
Ավելի ուշ ոստիկանները բացել են ճանապարհը: