Թբիլիսիում հայ երիտասարդ է մահացել
Ազգությամբ հայ, 22-ամյա Գևորգ Սարգսյանին Թբիլիսիում դանակահարել են, որի հետևանքով տղան հիվանդանոցում մահացել է։
Rustavi2.ge-ի փոխանցմամբ՝ Գևորգ Սարգսյանին սպանել են հենց իրենց տան մոտ՝ 15 անձից բաղկացած խմբի անդամները։
Դանակահարությունից հետո հարևանների կանչով մեկնած շտապօգնության բրիգադը Գևորգ Սարգսյանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ Սարգսյանը մահացել է։
Վրացական աղբյուրը ձեռք է բերել տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես երկու մեքենայով մի խումբ մարդիկ գալիս են Գևորգ Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։ Հարևանները նրանց տեսել են, սակայն չեն ճանաչում։
Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ նրանք հետապնդել են իրենց որդուն։
Ինչ վերաբերում է գործի հանգամանքները պարզելուն, ապա Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնապես չի անդրադարձել հարցին, չնայած այն հանգամանքին, որ կա տեսաձայնագրություն։ Բացի այդ, ՆԳՆ-ն դեռ չի հայտնում՝ կա՞ն կասկածյալներ, թե՞ ոչ։
Միայն հայտնի է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։