Գնալու եմ կառավարության շենքի մոտ՝ հացադուլ հայտարարեմ. Շատինում բողոքի ակցիաները շարունակվում են
Շուրջ մեկ ամիս շարունակ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի և հարակից գյուղի բնակիչները շրջափակված են պահում համայնքապետարանի շենքը՝ պահանջելով Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հրաժարականը: Նշենք, որ համայնքապետարանի շենքը Շատին գյուղում է:
Գյուղացիները հրաժարականի պահանջի մի շարք պատճառներ են նշում. մատնացույց են անում համայնքապետի կողմից կատարված չարաշահումները, ուռճացված հաստիքացուցակները, գյուղի ջուրը ՀԷԿ-ին տալը, մանկապարտեզի շենքի շինարարությունը կիսատ թողնելը և այլն:
«Գնալու եմ կառավարության շենքի մոտ՝ հացադուլ հայտարարեմ, մինչև ինքը հրաժարական չտա»,- այսօր տեղի ունեցած հավաքի ժամանկ հայտարարեց ակցիայի մասնակիցներից Ավետիք Սմբատյանը:
Գյուղացիներից մեկն էլ հայտարարեց, թե ամաչում է, որ Արթուր Ստեփանյանի նման համագյուղացի ունի:
Շուրջօրյա հսկողություն սահմանելով համայնքապետարանի շենքի տարածքում՝ շատինցիներն անցկացնում են հավաքներ, որոնց ընթացքում ավագանու անդամները, ակտիվիստները և գյուղի բնակիչները հանդես են գալիս ելույթներով:
Նշենք, որ գործող գյուղապետը երբևէ չի փորձել հանդիպել համայքնի բնակիչների հետ և խոսել ստեղծված իրավիճակի մասին: