Պետությանը՝ խոշոր վնաս հասցրած ընկերությունների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունն այս տարվա առաջին կիսամյակում հարուցել է մի շարք քրեական գործեր: Պարզվել է, որ մի շարք ընկերություններ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ են մուտքագրել, որոնց միջոցով հարկեր չեն վճարել: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Այս գործողությունների հետևանքով պետությանը մեծ ծավալների վնաս է պատճառվել:
ՊԵԿ-ը հրապարակել է անուններ: Այդ ընկերություններն են «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն, որը հարկեր թաքցնելով՝ պետությանը 359 մլն 867 հազար դրամի վնաս է հասցրել:
Այս ցանկում է նաև «Քոնթուր գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, որի հասցրած վնասը կազմել է 854 մլն 987 հազար դրամ: Հաջորդում են «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ն՝ 1 մլրդ 669 մլն դրամ վնասով, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն՝ 427 մլն վնասով: Այս ընկերությունների դեմ, ըստ Անանյանի, հարուցվել են քրեական գործեր: Իսկ «Գրինպրոդուկտ»-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել նաև «Սպայկա» ընկերությունում: