Հոկտեմբերի 27 լինի, թե՝ Մարտի 1 , բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ ԱԱԾ բացահայտումներն ուշացած էին, բայց դրական:
«Մի քիչ էլի ոչ ստանդարտ վիճակ է, որովհետեւ այդ նույն պետական մարմինները, որոնք տարիների ընթացքում տիրապետելով այդ տեղեկատվությանը՝ ինչ է թալանվել, ով ինչ ընտրություն է գողացել, ինչ հանցագործություններ են կատարվել ժողովրդի նկատմամբ, իրենք հրահանգի տակ են եղել, որ չբացահայտեն եւ հիմա այդ մարմինները նույն մարդկանցով, նույն կադրերով իրենց լիրազորությունների շրջանակում կատարում են այդ ամեն ինչը :
Դա ուշացած է, բայց ողջունելի է: Հուսով եմ, որ կշարունակվի ավելի սթափ, սառնասիրտ, հեռու զգացմունքայնությունից, պաշտպանելով քաղաքացու իրավունքները, անմեղության կանխավարկածը, մինչեւ վերջ պետք է այս շարանը գնա, նաեւ Հայաստանը իրավունքների գիրկը գնա: Սա միայն մի գեներալի հարց չէ, սա համակարգի հարց է եւ այստեղ պետք է հետեւողական աշխատանք եւ պետք է ԱԱԾ-ն ի վերջո վերադառնա իր բուն աշխատանքին, որը հետախուզությունն է եւ հակահետախուզությունը»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ բոլոր դեպքերում բոլորը պետք է հասկանան, որ Հոկտեմբերի 27 լինի, Մարտի 1 լինի, թե ընտրությունների գողություն, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն: