Կապիտալ եկամուտը պետք է քիչ հարկենք, սպառողին՝ շատ. ՊԵԿ նախագահ
«Մենք սեպտեմբերից ոչ ուշ հանրությանը պետք է ներկայացնենք Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ ՊԵԿ-ն իր առաջարկները ներկայացնելու է որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, բայց դոմինանտը լինելու է Ֆինանսների նախարարությունը:
«Մենք պարտավոր ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրավունքի տեսանկյունից էլ որևէ խնդիր չառաջացնենք տնտեսավարողների համար: Մասնավորապես՝ կապիտալ եկամուտը պետք է քիչ հարկենք, սպառողին՝ շատ: Եթե մենք իջեցնենք հարկային բեռը կապիտալ եկամուտների նկատմամբ՝ խթաններ կլինեն: Հարկային օրենսգրքի վերանայումներ պետք է անենք, որպեսզի տնտեսությունը սկսի շնչել»,- հայտնեց Դավիթ Անանյանը:
Հարցին, թե ուղղակի փոփոխություններ են լինելո՞ւ, թե հեղափոխական Հարկային օրենսգիրք է ներկայացվելու, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Հեղափոխականի վերաբերյալ կան քննարկումներ»:
Հիշեցնենք, որ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում չէր ընդունել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունը, որով նախատեսվում էր եկամտահարկը նվազեցնել: «Հարկային օրենսգրքում ոչ թե պետք է գնանք հատվածական փոփոխությունների, այլ համապարփակ աշխատանք կատարենք և հիմնարար, լուրջ փոփոխությունների գնանք»,- հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի կողմից 2018 թ. առաջին կիսամյակում 88․2 մլրդ դրամով ավելի եկամուտների հավաքագրմանը՝ Դավիթ Անանյանը հայտնեց, որ ավելի հավաքված հարկերը նախ պետք է ուղղվեն պետական բյուջեի պակասուրդի փակմանը:
«Եկամտային մասը պլանավորված է 1 տրիլիոն 240 մլրդ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 460 մլրդ-ի չափով: Մոտ 220 մլրդ-ի չափով ունենք բյուջետային պակասուրդ: Բյուջետային պակասուրդն այս գործունեության արդյունքում իրատեսական չէ, որ մենք կփակենք, բայց մենք էական մուտքային գերակատարում ունենալու ենք: 1 տրիլիոն 460 մլրդ ծախսային ծրագրերը այսպես, թե այնպես պետք է իրականացնենք, եթե ավել գումարներ հավաքագրեցինք, արտաքին աղբյուրներից այլ գումարներ ներգրավելու ծավալն ենք իջեցնելու: Մենք պակասուրդն ենք նվազեցնելու մեր գործունեության արդյունքում»,- նշեց նա: