«Նորֆոլկը» մինչև հուլիսի վերջ լուծարված կլինի. Դավիթ Անանյան
«Նորֆոլկը» լուծարման գործընթացում է։ Հաջորդ շաբաթ լուծարային ստուգման ակտը կավարտվի, և մինչև ամսվա վերջ «Նորֆոլկ» ընկերությունն ամբողջությամբ լուծարված կլինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ «Նորֆոլկ»-ին փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց այն ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչը «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող։
«Մենք այսօր պատրաստ չենք ժողովրդին՝ մանր և միջին ձեռներեցությամբ զբաղվողներին, ովքեր գործունեություն են իրականացնում շրջանառության հարկի դաշտում… այսօր իրենք պատրաստ չեն ամբողջությամբ պատասխանատվություն կրել, այսինքն՝ գան և մաքսային ձևակերպումներն իրականացնեն ամբողջ ծավալով։ Հետևաբար, մենք պետք է տխրահռչակ գործունեությունը շարունակենք, բայց պետությունը այստեղ կամք է դրսևորում, պետական մասնակցությամբ ստեղծում է բաժնետիրական ընկերություն»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էր արել՝ նշելով, որ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: