Բուռն քննարկում ԱԺ-ում. կոալիցիա ձևավորելու թվային սահմանափակման հանումը չի ողջունվում
Այսօր՝ հուլիսի 13–ին վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանը ԱԺ խմբակցությունների Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի նիստին հայտնել է, որ հայեցակարգում սահմանվել է՝ կոալիցիաների ձևավորման արգելափակումը, որը ենթադրում է, որ միայն երեք ուժ կարող է ձևավորել կոալիցիա, հանվում է, և առհասարակ թվային սահմանափակում չի նախատեսվելու։
Դավիթ Հարությունյանն անհամաձայնություն է հայտնել կոալիցիա ձեւավորելու համար նախատեսված արգելափակումը հանելուն. «Դա հանգեցնելու է անկայուն կառավարման։ Պատկերացնենք՝ ինչ–որ կուսակցություն ստացել է մի քիչ պակաս ձայներ, որ ունենա մեծամասնություն, մնացած ձայները բախշվել են շատ տրոհված ձեւով փոքրիկ քաղաղաքական ուժերի միջեւ, որոնք շատ մեծ հեղինակություն չունեն հանրության շրջանում։ Արդյունքում, եթե բոլորին գումարենք ընդդեմ մեծի, մենք կստանանք մեծամասնություն, բայց ինչքանով է այնտեղ լինելու միակարծություն եւ իրենց ձեւավորած գործադիր իշխանությունը կլինի կայուն, այ դա ամենամեծ հարցն է։ Կարծում եմ՝ նման քայլով մենք ավելի անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»։
Հարությունյանը նշել է, որ եթե առաջարկվեր փոփոխել կոալիցիա ձեւավորելու թիվը՝ երեքից դարձնելով չորս, ապա դա իր համար հասկանալի կլիներ, բայց ամբողջովին արգելքի հանումը կհանգեցնի անցանկալի հետեւանքների։
Իր հերթին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ ՀՅԴ–ն ի սկզբանե կողմ է եղել կոալիցիա ձեւավորող քաղաքական ուժերի թվի արգելքի վերացմանը, սակայն տվյալ պարագայում. «Համաձայն եմ, որ ինչքան քիչ լինեն կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը, այնքան տարաձայնությունները քիչ կլինեն, բայց մենք չպետք է խուսափենք տարաձայնություններից, որոնք կարելի է շտկել»։