«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews - ին տված հարցազրույցում ասել է.
«Ցավոք, վարչապետի դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ: Այժմ մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է: Ես կարծում եմ, որ դա դեմ է նաեւ ժողովրդավարությանը, որովհետեւ հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է»:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից իրենց երկրում ժողովրդավարական փոփոխություններ սկսելու համար:
«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրությունից ուժեղ արձագանքի կարժանանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Հայաստանի կառավարությունն ի՞նչ պլաններ ու մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի հետ կապված: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գործընկեր երկիր է:
Վարչապետը նշել է որ, «Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին, մեկը` Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում, ինչը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային անվտանգության ապահովման գործում: Բայց մենք նաև անդամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, եւ մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանին տեսնում ենք այս կազմակերպությունում եւ այս անվտանգության համակարգում»: