Ջիվան Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանատու աշխատանքի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Անվանի դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու թավշյա հեղափոխության օրերին ինքն ակտիվ չէր: «Ես այդ ժամանակահատվածում Հայաստանում չեմ եղել. Միացյալ Նահանգներում էի, բուժվում էի: Ամեն դեպքում, հոգով-սրտով հայրենիքում էի»,- ասել է անվանի երաժիշտը:
Հիմա նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր լծի տակ է մտել, շատ մեծ պատասխանատվություն ստանձնել: «Նա պետք է երկիրը քանդի, նորից սարքի: Ժողովուրդը սիրում է, հավատում է, վստահում է նրան: Ես ժողովրդի մի մասնիկն եմ, կուզեմ, որ ազգս լավ ապրի: Եթե այն խոստումները, որոնք հնչում են, իսկապես իրականացվեն, շատ մեծ գործ կլինի»:
Միաժամանակ, Գասպարյանի համոզմամբ, «Ժողովրդի մակարդակը պետք է այն աստիճան բարձրանա, որ թույլ չտա՝ ամեն մեկն իր իրավունքները ոտնահարի»: Նա անդրադարձել է նաեւ նոր իշխանությունների իրականացրած կոռուպցիոն բացահայտումներին. «Եթե մարդիկ մի բան են վերցնում պետությունից, որն իրենցը չէ, պետք է վերադարձնեն: Նորմալ պրոցես է: Ժողովուրդն ուզում է մարդավարի ապրել, որ իր եղածը չտանեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: