Վարչապետը Բրյուսելի միջազգային օդանավակայանում պատասխանում է լրագրողների հարցերին
Վարչապետն ու Հայաստանից Բելգիայի Թագավորություն մեկնած պատվիրակությունը Բրյուսելի միջազգային օդանավակայանում են, պատրաստվում են վերադարձի թռիչքին:
Հենց Բրյուսելի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Նա խոսել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփման, տարբեր երկրների առաջնորդների հետ ունեցած հանդիպումների մասին, հարցեր են հնչել հայաստանյան իրադարձությունների, Թրամփի ու մյուս առաջնորդների հետ ձեռքսեղմման, տարածաշրջանում հարևան երկրների հետ հարաբերությունների մասին:
Ն. Փաշինյանն ասել է, որ եվրոպական երկրների առաջնորդները մեծ մասամբ տեղյակ են, թե ինչ է կատարվել Հայաստանում, Եվրամիությունից բազմաթիվ ոգևորող հայտարարություններ են եղել, բայց քաղաքական հարաբերություններում հեղափոխությունից հետո էական փոփոխություն չկա:
«Իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ է, ու հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը: Քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ, ես կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումներում հաջողություն կարձանագրենք»,- ասել է Փաշինյանն ու հավելել, որ Հայաստանը երբեք խնդրատուի կարգավիճակում չի լինի:
Նիկոլ Փաշինյանը հայաստանյան իրադարձությունների մասին խոսելիս, իր խոսքում նշել է, որ դեռևս Հայաստանում կան դատավորներ, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվել երկրում:
Ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցի լավագույն արդյունքը ծանոթությունների ու կապերի լայն շրջանակն է, որը ունեցավ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռքսեղմման մասին հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է, որ հատուկ արարողակարգ չի եղել, պարզապես միասին քայլել են ու ձեռքսեղմմամբ ծանոթացել:
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ևս վարչապետը որակել է որպես ծանոթություն, քանի որ ՀՀ ԱԳ նախարարի համար այն առաջինն է եղել, իսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին որևէ խոսակցություն առայժմ չկա, հավաստել է վարչապետը: