Հետամուտ եղեք Ադրբեջանի ՊՆ-ի և գերմանական ընկերության միջև կնքված հուշագրի ուսումնասիրությանը
Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերին:
Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացման հարցերին՝ կարորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի և վեհաժողովների մակարդակում համատեղ աշխատանքների իրականացումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հույս է հայտնել Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի հետ որակակական նոր՝ ավելի կառուցողական համագործակցության իրականացման հետ կապված:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության անդամ պետությունների ազգային խորհրդարաններում համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը՝ հույս հայտնելով մոտ ապագայում ունենալ նաեւ Գերմանիայի խորհրդարանի վավերացումը: Արմեն Աշոտյանն ընդգծել է նաեւ խորհրդարանական վերահսկողության դերը համաձայնագրի կիրարկման հետ կապված եւ հարցի առնչությամբ կարեւորել գերմանական փորձի ուսումնասիրությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկվել ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԸՕ բարեփոխումների գործընթացում քաղաքական բոլոր ուժերը կարևորում են ընտրական բարեփոխումների կայացումը քաղաքական լայն համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ և բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև կնքված հուշագրին ու հորդորել գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել խնդրի առավել համապարփակ ուսումնասիրությանը:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հարցերում մոտեցումների տարբերություններից տարածաշրջանային և արտաքին քաղաքական ճակատում միասնական են՝ որպես առաջնահերթություն սահմանելով պետական շահը: