Սեպտեմբերին Փարիզում «Թումո» կենտրոն կբացվի
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը տեղեկացրեց, որ սեպտեմբերին Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի:
Նա նշել է, որ այս տարի աշնանը Երևանում Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի մասնակիցները կհիանան այն փայլուն ձեռքբերումներով, որոնք արձանագրում է Հայաստանում ՏՏ ոլորտը։
«Նրանք իսկապես հաճելիորեն կզարմանան», – ասաց Լաքոտը։
Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կկազմակերպվի նաև բիզնես ֆորում, որի շնորհիվ ներդրողների և գործարարների ցանց կստեղծվի, որոնց համար առաջնային ոլորտ լինելու է տեղեկատվական տեխնոլոգիաները։ Նման փոխգործակցության կարևոր օրինակ է այն, որ սեպտեմբերին Փարիզում նախատեսում են «Թումո» բացել։
«Թումո կա Երևանում, շուտով կլինի Մասիսում, Թումո կա Բեյրութում, ևս մեկը Տիրանայում։ Եվս մեկը Փարիզում կբացվի», – ասել է դեսպանը։
Ժոնաթան Լաքոթն ընդգծեց, որ այդ քաղաքները կապված են Ֆրանկաֆոնիայի հետ, և կենտրոններն իրենց դերը կունենան։ Լաքոտի կարծիքով` գագաթաժողովից հետո դրա մի շարք մասնակիցներ կցանկանան իրենց երկրում «Թումո» կենտրոններ բացել։