Պաշտոնավազքի մեջ են մտել. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահի ընտրության մասին
«Թեկնածու չի կարող առաջադրվել, պետք է լինի ԵԿՄ համագումար, համագումարն ընտրի վարչություն, իսկ վարչությունն էլ՝ նախագահ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով այն հարցվին, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Արամ Սարգսյանի թեկնածությունը:
«Այսօր ամեն մեկը հելնում, ասում է՝ ես Երկրապահի նախագահ եմ»,- շարունակեց նա:
Նա՝ խոսելով Արամ Սարգսյանի թեկնածության մասին, նշեց, որ կարծիք հայտնելուց զերծ է մնում. «500 հոգի անդամ կլինի, կմասնակցեն համագումարին ու կընտրեն»:
Սասուն Միքայելյանը բացառեց, որ իր թեկնածությունը կառաջադրվի այդ պաշտոնում: Հարցին էլ՝ իսկ վարչության կազմում կլինի՞, պատասխանեց, որ հստակ որոշում չունի:
«Ես կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, որոնք պաշտոնավազքի մեջ են մտել: Երկրապահը պետք է վերականգնել մեր պատվի, անցած ճանապարհի եւ մեր զոհված եղբայրների համար: Մենք նրանց կենդանի հոգիներն ենք»,- ասաց նա:
Խոսելով սահմանային իրավիճակի մասին՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի՝ առավել եւս այսօր: Ես համարում եմ, որ կարողա պատերազմ սկսվի, բայց Ալիեւը վախենում է մեր ժողովրդի համախմբվածությունից: Իրենք լավ գիտակցում են, որ երբ մեր ժողովուրդը համախմբվում է՝ մենք միշտ հաղթանակ ենք տարել»,- եզրափակեց նա: