Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառը ժողովրդի կողմից վստահության դեֆիցիտն էր․ ավագանու ՀՀԿ-ական անդամ
Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառն ինձ համար պարզ է․ եթե կա վստահության դեֆիցիտ ժողովրդի կողմից, մարդիկ պետք է հեռանան։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն անդամ Ենոք Ազարյանը։
Ենոք Ազարյանի խոսքով՝ խմբակցությունում դեռ չի որոշվել քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու հարցը, այն դեռ պետք է քննարկվի։
Հարցին, թե ավագանու «Հանրապետական» խմբակցությունից ինչ-որ մեկին տեսնում է քաղաքապետի պաշտոնում, Ե․ Ազարյանը պատասխանեց․ «Ես սուբյեկտիվ կարծիքներ չունեմ մարդկանց, անձերի հետ կապված, ինձ համար կարևոր է ավագանու ինստիտուտը և դրա հետագա զարգացումը։ Իսկ ավագանու ինստիտուտը Հայաստանում կայացած չէ»։
Ենոք Ազարյանը շարունակեց. «Եթե ինչ-որ մի տեղ կա վստահության պակաս, անկախ նրանից դա ինչ կուսակցություն է կամ ինչ անհատ է, պետք է գիտակցի, հնարավորություն ստեղծի՝ նոր ընտրություններ անցկացնելու և փոխարինողների համար»,- ասաց Ենոք Ազարյանը։
Ճշտող հարցին, թե կողմ եք արտահերթ ընտրություններին, ավագանու անդամը պատասխանեց․ «Ինձ համար ընդունելի է վստահության քվեն, որը կլինի բարձր»։