ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու. Աշոտյան
ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, անդրադառնալով Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ գագաթնաժողովին, մասնավորապես, գրել է.
«Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Մամեդյարովի և Մոգերինիի կողմից ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը 2018-2020 թվականների համար։
Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ։
Հատկանշական է 2 փաստ՝
1. Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։
2. Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները»։