Վրաստանն ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Վրաստանն ապագայում կդառնա դաշինքի անդամ, դա հաստատվել է գագաթնաժողովում: Կազմակերպությունը կշարունակի նախապատրաստել այդ գործընթացը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները դա երեկ հաստատել են, մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ անդամակցությունը նախապատրաստելու համար»,- ասել է Ստոլտենբերգը հինգշաբթի՝ հիշեցնելով, որ դաշնակիցները համատեղ հայտարարությունում ճանաչել են Վրաստանի առաջընթացը բարեփոխումների անցկացման հարցում:
Երեկ Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Բացի դաշինքի 29 անդամ երկրների պատվիրակություններից՝ տարբեր ձևաչափերով աշխատանքի են հրավիրված տասնյակ գործընկեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Նա հրավիրված է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որպես գործընկեր երկրի ներկայացուցիչ: