Պե՛տք է խոսել արժեքների մասին
«Առավոտ» թերթը գրում է. Բրյուսելում պաշտոնական այցով գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը: Հանդիպումներ է ունենում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ: Դա հետհեղափոխական Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Եվրոպա, և, իհարկե, կարևոր նշանակություն ունի:
Հայաստանի ոչ այս, ոչ էլ նախորդ կառավարությունները չեն հայտարարել, որ նրանք եվրոպամետ են, ռուսամետ կամ ամերիկամետ, և դա ճիշտ է՝ «մետ»-ության հարթակում քաղաքականություն կառուցելը լուրջ խնդիրների առաջ է կանգնենում:
Նույն վտանգն է, իհարկե, պարունակում ինչ-որ մի երկրին կամ միջազգային կառույցին «հակա» լինելը:
Բոլոր կառավարություններն էլ ասում էին և ասում են, որ նրանք հայամետ են ու հայակենտրոն, ելնում են բացառապես Հայաստանի շահերից, և այդ պնդումը նույնպես տեսականորեն ճիշտ է, այլ հարց է, թե որքանով է համապատասխանում իրականությանը:
Բայց ներկա կառավարությունից և քաղաքական ուժերից ցանկանում եմ լսել, թե ինչպիսի արժեքային համակարգի կողմնակից են նրանք: Եվ այստեղ այլևս հնարավոր չէ ասել՝ «ես դավանում եմ հայկական արժեքներ»:
Այդ դեպքում պիտի ասել, որ արժանահավատ ընտրությունները, խոսքի ազատությունը, օրենքի գերակայությունը, իշխանությունների թևերի բաժանումը, անկախ դատարանները զուտ հայկական արժեքներ են: Եթե մենք ընդունում ենք, որ դրանք վերազգային աշխարհի բոլոր երկրներում, բայց կիրառելի են Հայաստանում, ուրեմն «եվրոպական» մակդիրը որոշակիորեն պայմանական է, բայց միանգամայն ընդունելի: Դա քաղաքակրթական մշակութային ընտրություն է, որից վախենալ պետք չէ: Հակառակը՝ դրա մասին պետք է բարձրաձայն հայտարարել ու խնդիրն արտացոլել քաղաքական ծրագրերում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: