Ես միշտ եղել եմ իդեալիստ, ռոմանտիկ, հավատով, որ բարին ավելի լավ է, քան չարը. Ռուբեն Վարդանյան
Ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Inc. Russia պարբերականին՝ խոսելով ձեռներեցության նրբությունների, մարդկանց նկատմամբ հավատի, երկարատև ներդրումների և բիզնես էթիկայի մասին:
«Ձեռներեցը ցանկացած միջավայրում պետք է «անհանգստություն ստեղծող» լինի, քանի որ մշտապես ամեն ինչ այլ կերպ է ցանկանում անել: Ձեռներեցին բնորոշ է հարմարավետության գոտուց դուրս գալու պատրաստակամությունը, հետաքրքրասիրությունը, նորի ձգտումը և իր գաղափարներով մյուսներին ոգևորելու կարողությունը»,- նշել է Վարդանյանը:
Վարդանյանի կարծիքով՝ բարդ է իդեալիստ լինել մի հարցում և կոշտ ռեալիստ՝ մեկ այլ հարցում. «Ես անձամբ միշտ եղել եմ իդեալիստ, ռոմանտիկ, հավատով, որ բարին ավելի լավ է, քան չարը: Financial Times-ն ինձ բնութագրել է որպես «փնթփնթացող լավատես»: Դա ընտրության հարց է: Կարելի է հավատալ բարեկեցիկ ելքին և ձգտել երեխաներին ավելի լավ աշխարհ ժառանգել, քան մենք ենք այն ստացել»:
Գործարարը նշել է, որ ներդրումը մարդկանց մեջ թեև երկարատև գործընթաց է և կարող է 7,8,10 տարի տևել, սակայն արդարացնում է իրեն:
Բացի դրանից, նա խորհուրդ է տալիս ձեռներեցներին 2 տարին մեկ անգամ առնվազն 2 շաբաթով որևէ տեղ մեկնել սովորելու. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ առաջնայինը կապերն են, համացանցը, շփումն ու ուսումը: Անհրաժեշտ է ընդլայնել գիտելիքների և ծանոթների շրջանակը»: