Փաշինյանը հանդիպել է Քարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում հանդիպել է Քարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
«Վարչապետը ներկայացրեց Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների բնույթն ու ծագումնաբանությունը, պատասխանեց ներկաների հարցերին՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ»,-նշել է Արման Եղոյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Ծրագրով նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։