Անահիտ Բախշյանը՝ «Մարտիկ» հիմնադրամի հաշվետվությունների մասին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց «Մարտիկ» հիմնադրամում իր հայտնաբերած չարաշահումները:
Նա նշեց, որ «Մարտիկ» հիմնադրամին դիմել է ապրիլյան պատերազմից տուժած երկու եղբայրների՝ Գերմանիայում բուժման համար օժանդակելու համար և ուսումնասիրել է հիմնադրամի գործունեությունը: Այսպիսով, նա պարզել է, որ «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրությամբ մայր գումարն անձեռնմխելի է, և այն միայն կարելի է օգտագործել երկրի օրհասական պահերին: Անահիտ Բախշյանը հիմնադրամից հաշվետվություն է խնդրել, սակայն նրան պատասխանել են, որ ինքը հիմնադրամի անդամ չէ:
Այսպիսով՝ նա դիմել է հիմադրամի անդամ դառնալու համար և պարզել, որ բանկային հաշվեհամարը գրանցված է հայ-խնայ բանկում, որ 2000-ական թվականներից չի գործում: Այսուհետև բարձրացրած աղմուկից հետո նշվել է այլ բանկի հաշվեհամար:
««Մարտիկ» հիմնադրամի հաշվետվությունները տարիներ շարունակ եղել են մի թղթի կտոր, ոչինչ չասող, ոչ մի թափանցիկ հաշվետվություն չի եղել դրված»,-ասաց նա և դիմել է դատախազին, բոլոր համապատասխան կառույցներին, և ոչ մի արձագանք չի ստացել, սակայն այլ է եղել պատասխանը իշխանափոխությունից հետո:
«Արթուր Աղաբեկյանը խաղացել է հայ ժողովրդի ամենանվիրական թուլության վրա, դա բանակի նկատմամբ հայ ժողովրդի ունեցած թուլությունն է»,-ասաց նա:
Անահիտ Բախշյանը նշեց, որ լրացուցիչ նյութեր տրամադրել է քննիչին, և հիմա նախաքննության ընթացքում է գործը: «Մի չարաշահումը հաստատ կարող եմ բարձրաձայնել, դա այն է, որ ոչ կանոնադրական նպատակների համար թույլատրվում էր ծախսել մայր գումարից եկող տոկոսների տասը տոկոսից ոչ ավելին, սակայն 2015, 2016, 2017 թվականներին մինչև 25 տոկոս է եղել այդ ծախսը, ինչի հիման վրա հարուցվել է քրեական գործ»,-ասաց նա: