Միտումնավոր են ուզում չեզոքացնել Մասիսի քաղաքապետին, այնտեղ «թայֆեք» կան, որոնց նրա աթոռն է պետք. Մուրադ Մուրադյան
Մասիսից ընտրված պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանը, ով Մասիսի արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք էր կազմակերպել Աժ-ում, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պնդեց, որ տեսնելով, որ Համբարձումյանի դեմ առաջին գործը չկարողացան հիմնավորել, երկրորդ քրեական գործը հարուցեցին:
«Եթե հնարավոր լիներ այն առաջինը հիմնավորել, այս մեկը չէր լինի»,- ասաց նա և նշեց, որ միջադեպը եղել է ոստիկանության և Էջմիածնի շրջանի բնակիչների մեջ:
Մուրադյանի կարծիքով` միտումնավոր են ուզում չեզոքացնել Մասիսի քաղաքապետին: «Քաղաքապետի աթոռն է պետք շատ շատերին, շատերը հրահրում են»,- ասաց նա:
Դիտարկմանը` նրան չեզոքացնելու համար այլ եղանակներ կան, կարող էին անվստահություն հայտնել և այլն, Մուրադյանն արձագանքեց. «Եթե ձեզանից մեկը մի օր կարող է Մասիսի քաղաքապետին հիմնավոր մեղադրել կաշառք վերցնելու կամ այլ բանի մեջ, ես ներողություն կխնդրեմ, ու ինչ որ պետք է կասեմ, բոլորդ գիտեք, որ նա այդ գործերի մեջ չկա»:
Հարցին` նոր իշխանությունների՞ն է մեղադրում Մասիսի քաղաքապետի աթոռը զավթելու մտադրության մեջ, Մուրադյանն ասաց. «Այ մարդ, այնտեղ էնքան թայֆեք կան, շատ մարդիկ են ելել ոտքի մինչև նոր իշխանությունները, եղա՞վ»:
Ըստ Մուրադյանի՝ Դավիթ Համբարձումյանը հարուցված երկու գործերի հետ էլ կապ չունի. «Մինչև նրա գնալը այդ կռիվը եղել է, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ տարվել են հիվանդանոց, ու հանձնարարվել է ոչ մի բան չգրանցել, մարդիկ սիստեմայի տակ են եղել, գնացեք, տեսեք` որտեղ է գրանցված. ոստիկանապետին օգնություն են ցույց տվել, բոլորին ցույց են տվել, ոչ մի տեղ էլ գրանցված չի»:
Մուրադ Մուրադյանի խոսքով՝ քաղաքապետը գնացել է ուշ, ընդամենը հանդարտեցրել է. «Իսկ այսօր քաղաքապետի վրա գիտե՞ք` ինչ են հիմնավորել, ոմն մեկն ասել է, որ նա ապտակ է տվել, նա էլ ասել է` ոմն մեկին բերեք, տեսնենք. չեն ուզում՝ առերեսում լինի, ինչո՞ւ, այդպես մա՞րդ են կալանավորում»,-ասաց նա: