Համաներումը տարածվում է բոլորի վրա՝ անկախ ազգությունից, համարանիշից. Ա. Զեյնալյան
Հայաստան այցելած օտար համարանիշերով մեքենաները ևս, որոնք տուգանվել են՝ չիմանալով, որ իրենք տուգանվում են, պետք է համաներվեն: Այս մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Առաջարկում եք համաներում կիրառել նրանց նկատմամբ, ովքեր տուգանվել են մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը: Կա խնդիր ոչ հայկական համարներով մեքենաների հետ: Հայտարարվեց, որ 2018թ.-ի հունվարի 1-ից է սկսվում տուգանքների կիրառում ոչ հայկական համարանիշներով մեքենաների նկատմամբ: Նման մեքենաները ծանուցվում են սահմանին: Բավրայի անցակետում հունիսի 4-ից են ծանուցվել մարդիկ: Առաջարկում եմ, որ նրանք էլ համաներվեն»,- նշեց պատգամավորը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ տվյալ հարցը նախագծին չի վերաբերում:
Շիրակ Թորոսյանը նշեց, որ Հայաստան բազմաթիվ օտար համարանիշերով մեքենաներ են գալիս և, մասնավորապես ջավախահայությունը, որ ծանուցվել է տուգանվելու մասին հունիսի 4-ից, այնինչ, օրենքը սկսվել է կիրառվել հունվարի 1-ից:
«Մարդիկ կան՝ իրենց մեքենայի գնից ավելի շատ տուգանքներ ունեն»,- ասաց պատգամավորը:
Նա ասաց, որ իրավահարաբերությունը տարածվում է խախտման պահից՝ անկախ հանգամանքից ծանուցվել է, թե ոչ: «Բոլորի վրա տարածվում է համաներում՝ անկախ ազգությունից, համարանիշերից, անկախ նրանից, թե երբ է ծանուցվել տուգանքի մասին: Եթե տուգանքը գրանցվել է մինչև դեկտեմբերի 31-ը արված խախտման համար, նրա վրա ևս համաներում է տարածվում»,- հավելեց Արտակ Զեյնալյանը: