Եթե վարորդը բարեխիղճ է, ինքը չպետք է տուժի. Միհրան Պողոսյանը՝ համաներման մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կիրառելու նախագծի վերաբերյալ, ասաց, որ սա լուրջ խնդիր է պետության համար:
«Նման գործառույթ 3-րդ անգամ անցկացնում ենք: 2010թ.-ից ուզում եմ տեղեկացնել, որ ԴԱՀԿ-ում վարչական իրավախախտումների մասին ռեգիստր է վարվում, հստակ երևում է, թե վարորդների որ մասն է վճարել, որ մասը ոչ, ինչի չի վճարվել և այլն: Այդ տեղեկատվությունը ԴԱՀԿ-ից կարող եք ստանալ մի հանձնարարականով»,- նշեց Պողոսյանը:
Նա ասաց, որ համաներումներից հետո բարեխիղճ վարորդների քանակը պակասում է, մարդիկ սպասում են, որ համաներում նորից կիրականացվի: «Սա լուրջ խնդիր է լինելու պետության համար: Ես դեմ չեմ համաներմանը, բայց նրանք, ովքեր ժամանակին վճարել են տուգանքները, ի՞նչ պետք է անեն, մարդը, որ բարեխիղճ է, չպետք է տուժի:
Մենք բարեխիղճ վարորդներին գցում ենք ծուղակը, սա նրանց հետագայում դարձնում է ոչ բարեխիղճ վարորդներ»,- շեշտեց Միհրան Պողոսյանը: