Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքներից ազատելու համաներումը կտարածվի շուրջ 150 հազար անձանց վրա. Արտակ Զեյնալյան
Կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել՝ չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համար: Խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքներին:
ԱԺ-ում ներկայացնելով օրենքի նախագիծը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ կազատվեն մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականությունից:
«Համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամի չափով գումար: Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150,000 անձինք»,- շեշտեց Զեյնալյանը:
Համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետևյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով արկարծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգառ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը և այլն:
«Մարդիկ, ովքեր 2012թ.-ից մինչ այժմ չեն վճարել տուգանքները, նրանց հաշիվների նկատմամբ կալանք է կիրառված, չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից: Ուստի, համաներումը կբարելավի քաղաքացիների սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը»,- շեշտեց նա: