«Ծառուկյան» խմբակցության նոր պատգամավորը երդվեց
Ազգային ժողովում այսօր՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության նոր պատգամավոր Հրանտ Դավթյանը երդվեց:
Նախքան այդ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի «Ծառուկյան» դաշինքի համապետական ցանկի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն Հրանտ Դավթյանն է:
Հրանտ Դավթյանն ընթերցեց երդման տեքստը.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման և բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս,պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ շահերի պաշտպանությանը: Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»: