Իրավիճակը Գյանջայում մնում է լարված

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը Facebook - ի իր էջում գրել է.
«Վերջին շրջանում Ադրբեջանի երկրորդ մեծությամբ Գյանջա (Գանձակ) քաղաքում իրավիճակը կտրուկ լարվել էր, որն իր գագաթնակետին հասավ հուլիսի 3-ին, երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ: Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեցին Յունիս Սաֆարովին: Բաքվի իշխանությունները 1983 թ-ին ծնված ՌԴ քաղաքացի Սաֆարովին բացահայտ մեղադրում են Իրանի գործակալ լինելու մեջ, իսկ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձն էլ ներկայացնում են որպես ահաբեկչություն: Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Սաֆարովը 8 ամիս Իրանում անցկացնելուց հետո Ադրբեջան է ժամանել մի քանի հայտնի քաղաքական գործիչների սպանելու՝ Ադրբեջանում քաոսային իրավիճակ ստեղծելու նպատակով, որի արդյունքում նա պլանավորել է գրավել իշխանությունը և Ադրբեջանուն հաստատել թեոկրատական իշխանություն՝ Իրանի օրինակով: Սակայն շատերը խիստ կասկածում են պաշտոնական տեղեկատվության իսկության առումով:
Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի ձերբակալությունից հետո սկսել էին տարրական ահաբեկության ենթարկել քաղաքում գործող ՀԿ- ների ներկայացուցիչներին,որոնցից շատերը քննադատորեն են վերաբերվում Գյանջայի քաղաքապետի գործնեությանը: Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք (պաշտոնական տեղեկությունների համաձայն 150-200 հոգի) հուլիսի 10-ին փորձել են հանրահավաք կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ: Չարտոնված հանրահավաքը ցրելու արդյունքում զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան-գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբբասովը: Ձերբակալվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների անցնում է 40-ը: Սակայն անկախ աղբյուրները նշում են, որ ձերբակալվածների թիվն անհամեմատ ավելի մեծ է: Ադրբեջանական իշխանությունները հուլիսի 10-ին չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ մեղադրում են Յունիս Սաֆարովի կողմակիցներին:
Այս պահի դրությամբ իրավիճակը Ադրբեջանի երկրորդ մեծությամբ քաղաքում մնում է լարված: Գյանջան կարծես թե, դառնում է «երկրորդ Նարդարան» քաղաք, որտեղ իշխանությունների կրոնական քաղաքականության դեմ պայքարը և իրանամետ ուժերի դիրքերը աճում են, որի դեմ կատաղի պայքարում է Իլհամ Ալիևը:
Հ.Գ.Պաշտոնական Բաքում Ադրբեջանում տեղի ունեցող գրեթե բոլոր խժդժությունների հետևում միշտ «գտնում է» Թեհրանին կամ Երևանին: Եթե մեզ՝ հայերիս համար բացարձակ միևնույն է Բաքվի զառանցանքները, ապա Թեհրանում բավական ծանր են տանում այդ հայտարարությունները, որոնք ավելի են սրում առանց այդ էլ ոչ շատ բարիդրացիական Թեհրանի և Բաքվի հարաբերությունները...