Հուլիսի 11-ին նշում են Շոկոլադի համաշխարհային օրը
Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրեղենի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը մտահղացել ու առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները 1995 թվականին:
Կարծիք կա, որ շոկոլադն առաջինը պատրաստել են ացտեկները: Նրանք այն «աստվածների սնունդ» են անվանել: Իսպանացի կոնկիստադորները, որոնք այն առաջինն են Եվրոպա բերել, այս քաղցրեղենն անվանել են «սև ոսկի» և օգտագործել են ֆիզիկական ուժն ու դիմացկունությունն ամրապնդելու համար:
Բուն Շոկոլադի օրը տարբեր երկրներում տեղի են ունենում այս քաղցր տոնին նվիրված փառատոներ և այլ միջոցառումներ: Այս օրը հատկապես հետաքրքիր է լինել շոկոլադ և դրա ածանցյալները պատրաստող ֆաբրիկաներում, գործարաններում կամ հրուշակագործարաններում: Հատկապես այստեղ են բոլոր ցանկացողներին պատմում, թե ինչպես ու ինչից են շոկոլադը պատրաստում, անցկացնում են ամենատարբեր մրցույթներ և համտեսումներ, շոկոլադից ստեղծագործությունների ցուցահանդեսներ և նույնիսկ մաստեր կլասներ, որոնցում կարող ես քեզ փորձել շոկոլադ պատրաստողի դերում: