ԱԽ քարտուղարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի և տնտեսական զարգացման հիմնախնդիրներին առնչվող հարցեր
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։
Այս մասին Գրիգորյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Դեսպան Միլսի հետ զրուցեցինք անվտանգության կարևոր մարտահրավերների մասին: Մասնավորապես անդրադարձ կատարվեց կոռուպցիայի և տնտեսական զարգացման հիմնախնդիրներին:
Ողջունելով նոր կառավարության ջանքերը, դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Նա կարևորեց Անվտանգության Խորհրդի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման շրջանակներում:
Դեսպանը նշեց նաև ՀՀ կարևոր դերը միջազգային խաղաղապահ առաքելություններում»,– գրառման մեջ նշում է Արմեն Գրիգորյանը։