Սա թատրոն է, կեղծիք. Հայր Կորյունը՝ Գերագույն հոգևոր խորհրդի որոշման մասին (տեսանյութ)
Մայր Աթոռում կրքերը չեն հանդարտվում: Գերագույն հոգևոր խորհուրդը մեկ շաբաթ ժամանակ է տվել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ տեր Կորյուն աբեղա Առաքելյանին՝ ապաշխարելու համար, հակառակ դեպքում խորհուրդը նրան կարգալույծ կանի:
Լրագրողների հետ զրույցում Հայր Կորյունը նշեց, որ ինքն այնպիսի բան չի արել, որ ապաշխարի:
«Սա թատրոն է, կեղծիք է, այդ մեկ շաբաթը, որ ինձ տվել են, իրականում 1 շաբաթ իրենք ժամանակ ունեն՝ կաթողիկոսին կարգալույծ անելու համար: Մենք շարունակում ենք մեր բողոքի ակցիաները, ոչնչից հետ չենք կանգնելու: Ես ապաշխարելու բան չունեմ, այդ ինքը պիտի ապաշխարի, որովհետեւ ինքն է գողացել, ազգային արժեքները տվել ուրիշներին»,- ասաց Հայր Կորյունը:
Մայր Աթոռի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն էլ Խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կարգապահական հանձնախմբի տրամադրվածությունն է եղել, որ միանգամից կարգալույծ հռչակվի Հայր Կորյունը:
«Մենք դժբախտաբար կորցրել ենք հույսը, որ հնարավոր է՝ Հայր Կորյունը վերադառնա եկեղեցի, բայց Վեհափառ Հայրապետի խորհրդին անսալով, եւս 1 շաբաթ նրան ժամանակ տրվեց: Այդ խմբի քայլերն այլեւս անկանխատեսելի են դառնում, իրենց անհավասարակշռությամբ անենթադրելի»,- ասաց Հայր Արշակը:
Թե ինչ է լինելու ժամկետը լրանալուց հետո, եթե Հայր Կորյունը չապաշխարի, Մայր Աթոռի դիվանապետը հորդորեց սպասել:
Մանրամասն՝ տեսանյութում: