Երբ է վերականգված 20 միլիարդ 622 մլն դրամի չվճարված հարկը մտնելու բյուջե. պարզաբանում (տեսանյութ)

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին և պետական բյուջե վերադարձվող գումարներին։
«Դուք գիտեք, որ մեր կառավարության ձևավորումից ի վեր ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և չարաշահումների, նաև ստվերային տնտեսության դեմ պայքար։ Երեկ մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների հարուցած քրեական գործերի շրջանակում հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել և վերականգվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի»,-ասաց Փաշինյանը։
«Մամուլում հրապարակումներ կան, որ վերադարձված թիվը չի արտահայտվում բյուջեում, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա, կխնդրեմ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ներկայացնել թե ինչն է պատճառը, որ բյուջեում ունենք փաստացի վերականգնված 800 միլիոն դրամ»,-ասաց նա։
ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ բացահայտումներն իրականացվել Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումների իրականացրած աշխատանքի արդյունքում, ուստի այն պետք է դիտարկել որպես «հավաքական աշխատանքի արդյունք»։
Անանյանի խոսքով՝ 20 միլիարդ 622 միլիոնը օր օրի փոփոխվող թիվ է, այն բարձրանալու միտում ունի։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ մի քիչ վերապահումով պետք է խոսել պետական բյուջե վերականգնված գումարների մասին, որովհետև երբ ասում են վերականգնվել է, դա չի նշանակում, որ գումարն անմիջապես փոխանցվել է բյուջե։
«Այսինքն երբ արձանագրվել է չվճարված հարկը, տվյալ ընկերությունն այն մուտք է արել իր իսկ ընկերության հաշվին, որը կալանքի տակ է, և չի կարող որևէ տեղ կորել։ Հիմա ստուգումների արդյունքում երբ ակտը կվերջնականանա, գումարը մասնավոր ընկերության հաշվից փաստացի կտեղափոխվի պետական բյուջե»,-հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց․
«Կարող ենք հանգստացնել լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին՝ ավելի քան 20 միլիարդ դրամը որևէ տեղ չի կարող կորել, ամբողջը փաստացի վերականգնված գումարներ են, և դե յուրե ընթացակարգերի խնդիր է ընդամենը։ Սա վերաբերում է միայն հարկային պարտավորություններին և չի վերաբերում ապօրինի հարստացման հետ կապված գործերին, յուրացումներին և այլ կոռուպցիոն գործարքներին»,-ասաց նա։