Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ական պատգամավորների հարկային առաջարկները
Հայաստանի կառավարությունը հուլիսի 10-ի նիստում մերժեց Հանրապետական կուսակցության պատգամավորների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը։
Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով հարցը, հայտնեց, որ խոսքը բազմակի օգտագործման տարաների հարկման ռեժիմի մասին է։ «Մենք նախաձեռնության հեղինակներին առաջարկում ենք ձեռնպահ մնալ նման փոփոխությունից, քանի որ վերջին մեկ տարում արդեն երկու անգամ փոփոխվել է», - ասաց նա՝ հավելելով, որ հաճախակի փոփոխությունը եւ տեղային լուծումը բերում է նրան, որ սպասվում են ոչ արդյունավետ լուծումներ:
Նրա խոսքով, կառավարությունն առաջարկում է տարաները հարկել ավելացված արժեքի հարկով, որ «ունենանք արդար հարկման համակարգ»: «Միակ բանը, որ համաձայն ենք այն է, որ չի կարելի թույլ տալ, որ նույն տարան երկու անգամ հարկվի, այդ հարցով քննարկումներ ենք անցկացնում»,- նշեց Ջանջուղազյանը:
Խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունն այժմ պատրաստվում է հարկային օրենսգրքում էական եւ լուրջ փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի տնտեսական միջավայրի բարելավումը: «Աշխատանքները ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա պետք է բոլոր մտահոգությունները հաշվի առնի»,- հավելեց նա:
Նրա խոսքով, մինչեւ աշուն պետք է աշխատեն այդ փոփոխությունների վրա, ուստի լավ կլինի, որ այն աշխատանքային խմբերը, որոնց հետ այս թեմաները քննարկվել են, փորձեն առաջարկների հոսք ապահովել, որ փոփոխությունների նախագծի ձեւավորումը լինի հնարավորինս մասնակցային: «Այսինքն՝ ոչ թե մի խմբով փակվում ենք մի սենյակում եւ նախագիծ ստեղծում, այլ փորձենք շահագրգիռ կողմերին ներգրավել»,- հայտարարեց նա: