Բակո Սահակյանը հանձնարարել է ստուգել «Հայաստան» հիմնադրամի կատարած աշխատանքներն Արցախում. Իսագուլյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած բոլոր աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկանքներ ներկայացնել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։
«Երբ հեռուստատեսությամբ ցույց տվեցին «Հայաստան» հիմնադրամի նախագահին, ես ու Բակո Սահակյանն անակնկալի եկանք։ Անմիջապես նախագահը հանձնարարական տվեց հիմնադրամի կատարած բոլոր աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկանքներ ներկայացնել»,- նշեց նա:
Իսագուլյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ այդ տեղեկությունները ստուգվեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալության մասին, ավելի ուշ դատարանը որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան:
ԱԱԾ-ն տեղեկացրել էր նաեւ, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ Արա Վարդանյանը դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Վարդանյանի հավաստմամբ՝ դրանից հետո անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն: