«Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող յուրօրինակ ու կարևոր հարթակ. Յիրիկյան
Տասներեք տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին` որպես կինոարվեստի միջազգային ասպարեզում իր ուրույն տեղն ունեցող միջոցառման: Այս մասին «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նրա խոսքով, փառատոնի միջոցով աշխարհը ճանաչում է հայերի ստեղծագործականությունն ու կամքը` հասնելու նոր բարձունքների կինոարվեստի ոլորտում:
«Նաև արդեն կարող ենք ուրախությամբ փաստել, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության յուրօրինակ ու կարևոր հարթակ: «Ոսկե ծիրան»-ը խթանում է ազգային կինոյի զարգացումը: Ուրույն դիմագիծ ունեցող մեր կինոյով մենք՝ հայերս, այս եզակի միջոցառման շնորհիվ իրավունք ենք ստանում հավասարը հավասարի կանգնել մշակութային ազգերի կողքին: Ազգային կինոն մեզ անհրաժեշտ է մեր մշակութային ներկայությունը «մեծ աշխարհում» ամրապնդելու և միաժամանակ՝ գլոբալ մշակութային մարտահրավերներին արձագանքելու համար՝ պահպանելով մեր ինքնությունը»,-ընդգծել է Յիրիկյանը:
Նշենք, որ հուլիսի 8-ին մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մինչև հուլիսի 14-ը հայ ֆիլմասերներն ու կինոգործիչներն ունեն միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:
Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով:
Փառատոնը բացման ֆիլմը Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունն» էր, որի ցուցադրությունը կազմակերպվել էր «Մոսկվա» կինոթատրոնում: Փակման ֆիլմը Թերի Գիլյամի «Դոն Կիխոտին սպանողը»-ն է:
Փառատոնի պատվավոր հյուրերն են օսկարակիր Դարեն Արոնոֆսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, ում ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:
Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։