Մասիս Մայիլյանը լիբանանցի խոշոր ձեռնարկատիրոջ ներկայացրել է շփման գծում իրավիճակը
Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին։
Մասիս Մայիլյանը ողջունել է Նիկոլյա Աբու Ֆայսալի այցը՝ ընդգծելով հանրապետության տնտեսական ներուժին ծանոթանալու կարևորությունը։
Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական կապերի զարգացումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը արտաքին գործերի նախարարության և հանրապետության շահագրգիռ կառույցների առաջնահերթություններից են, և այդ խնդիրների համապարփակ իրականացման նպատակով Արցախի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ ուղղված հանրապետությունում տնտեսական գործունեության և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար կայուն և թափանցիկ պայմանների ապահովմանը։
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը լիբանանցի ձեռնարկատիրոջն է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անվտանգության և Արցախի խաղաղ զարգացման համար պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Նիկոլյա Աբու Ֆայսալը Լիբանանում գյուղատնտեսական ոլորտի խոշորագույն ձեռնարկություններից մեկը համարվող «Gardenia Grain D’Or» ընկերության հիմնադիրն է։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի 50 երկրներում։