Եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա. Աշոտ Փաշինյան
«Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»,- կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով այսօր զորակոչվում է բանակ: Նա նշեց, որ ծառայելու է Արցախում, դիմում է գրել, որպեսզի գնա այնտեղ, իսկ թե որ զորամասում, վիճակահանությամբ պարզ կդառնա:
«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Եթե երկար տարիներ չի եղել նման դեպք, չի նշանակում, որ պետք է դրան որպես յուրահատուկ ու արտառոց վերաբերվել: Անբնական երևույթ է բանակ չգնալը: Ես միշտ այդպես եմ ուզել, որոշումը փոքր ժամանակավանից եմ կայացրել», հավելեց նա:
Աշոտ Փաշինյանը նաև նշեց, որ վստահ է՝ ծառայության ընթացքում իրեն արտոնություններ չեն տրվելու: Ասաց, որ եթե բանակում խնդիրներ տեսնի, կբարձրաձայնի այդ մասին:
«Այս պահին մեր նպատակը բանակի հզորացումն է, որի նպատակն էլ այն է, որ խաղաղություն լինի մեր պետությունում: Մեր ծառայության նպատակը խաղաղություն հաստատելն է, և մենք պարտավոր ենք դա անել»,- նշեց նա: