Աֆղանստանի Նանգարհար նահանգում ոչնչացվել է «ԻՊ»-ի հենակետային բազան
Աֆղանստանի անվտանգության ուժերը օտարերկրյա զորքերի աջակցությամբ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների՝ Նանգարհար նահանգի Խասքա Մինա շրջանի (Դիհ Բալա) Գորգորի գյուղում գնտվող հիմնական հենակետը, հաղորդում է Tolo News-ը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերը:
Աֆղանցի զինվորականները հայտարարել են, որ օպերացիան սկսվել էր 10 օր առաջ և իրականացվում էր օտարերկրյա ռազմական ուժերի հետ համատեղ, որոնք և օդային հարվածներ են հասցրել բազայի ուղղությամբ: Նշվում է, որ այս պահի դրությամբ ոչնչացվել է «ԻՊ»-ի 150 զինյալ, ինչպես նաև այն, որ ահաբեկիչներն այս հենակետից հարաձակումներ էին նախատեսում մայրաքաղաք Քաբուլի և երկրի այլ հատվածների վրա:
««ԻՊ»-ն այստեղ վերապատրաստման կենտրոններ ուներ: Այս վայրում, որտեղ մենք կանգնած ենք, նրանք ութ սահմանապահ են գլխատել: Դեռևս վտանգ կա, որ այս տարածքն ականապատված է»,- հեռուստաալիքին հայտնել է Աֆղանստանի բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման անդամը:
Ըստ հեռուստաալիքի՝ օպերացիան դեռ շարունակվում է: Ըստ ոստիկանության՝ մի քանի գյուղ դեռ գտնվում է «ԻՊ»-ի վերահսկողության տակ: Դիհ Բալա թաղամասի բնակիչները մտավախություն ունեն, որ ահաբեկիչները կվերադառնան, երբ զինվորականներն ավարտեն ռազմական գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: