Ներկայացվածն օրիգինալ Գեղարդը չէ, այն պահվում է Գրիգոր Լուսավորչի աջի հետ՝ չհրկիզվող պահարանում. Տեր Կորյուն աբեղա Առաքելյան
Էջմիածնում ցուցադրված Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վստահաբար այն մասունքը, այն սրբությունը չէ, ինչ պետք է տեսնենք: Լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:
Ավելին՝ վերջինս նշեց, որ «օրիգինալ Գեղարդը չի հանվել բացի Մյուրօնօրհներքի արարողությանը ներկայացվելուց»:
«Մի քանի գեղարդեր կան, և այդ շարքում օրիգինալ Գեղարդը հայտնի չէր: Այն գտնվել է 2003-2004թթ.-ին: Այդ տարիներին գտնվեց Մայր Աթոռի պահոցում, փոշիների մեջ էր, անտեսված էր մնացել: Նախորդ հայրապետներն ունեցել են մտահոգություն, որ Հայաստանը կարող է հարձակումների դառնալ, և Գեղարդը կարող են խլել: Պատրաստվել են ևս մի քանի Գեղարդեր, կնիքներն են արել, բայց այս Գեղարդը իրական կնիքը չէ: Ես ուշադիր նայել եմ՝ այն չէ, երկու զմուռսից կնիքներ են, որ կարող էին 5-10 րոպե առաջ դնել: Արել են՝ երևի ճշմարիտ Գեղարդը թաքցնելու համար»,- շեշտեց աբեղա Առաքելյանը:
Նա ասաց, որ օրիգինալ, իսկական Գեղարդը գտնվում է Մայր տաճարի չհրկիզվող պահոցում, որտեղ է Գրիգոր Լուսավորչի աջը և այլ սուրբ մասունքներ:
«Բազմաթիվ մասունքներ կարող են նվիրվել, փոխանակվել, բայց Գեղարդը այնպիսի սրբություն է, որ չի կարելի օտարել, դա մի ամբողջություն է, ամեն մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել օտարել, դա սրբապղծություն է»,- նշեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ հանկարծ հիմա բացահայտվեց այս պատմությունը, արդյոք սա կապ ունի՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետ, Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ արագացնել պետք չէ, այն ինչ պետք էր՝ կատարվեց: Եթե մի փոքր նշույլ անգամ ամոթ ունենար պետք է հրաժարական տար ու գնար»: