Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության զորքերի սպան խմած վիճակում BMW- ով բախվել է Mercedes - ին (լուսանկարներ)
Հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Toyota ավտոսրահի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 41-ամյա Արմեն Անդրեասյանի վարած Mercedes C 180 մակնիշի 34 AO 854 համարանիշի և Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ, 32-ամյա Նարեկ Թադևոսյանի վարած BMW 520 մակնիշի 35 GO 745 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com - ի փոխանցմամբ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները ու արդեն օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ BMW -ի վարորդ Ն. Թադևոսյանը ունեցել է խմածության ամենաբարձր աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը ծառայում է Ոստիկանության զորքերի 1033 զորամսում, կոչումով էլ սպա է, իսկ հավաքվածներն էլ կատակում էին, ասելով՝ «Նա այնքան է խմել, որ շորտիկը թարս է հագել ու բնական կարիքներն էլ ոտքի վրա հոգացել է»: