Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում
Այսօր՝ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երեւանի եւ մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստ, տեղեկացնում է ԵԿՄ լրատվության բաժինը:
Նիստին մասնակցող ավելի քան 200 երկրապահ հավաքվել էր քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի եւ արտահերթ համագումարի հետ կապված հարցերը:
Վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը եւ Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրեցին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:
«Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ»,- իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը, ով նաեւ պատրաստակամություն հայտնեց ստանձնելու Երկրապահի դերը որպես մեր պետականության կայացման, հայրենիքի պաշտպանության եւ բանակաշինության գործում հանրությանը իրապես ներկայացնելու գործը:
Ընդլայնված նիստում քննարկվեց նաեւ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու հարցը: Արամ Սարգսյանն առաջարկեց համագումարը հրավիրել սեպտեմբերին: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ ԵԿՄ փոխնախագահների եւ մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի եւ համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ: Քննարկվեցին նաեւ ընթացիկ այլ հարցեր:
Նիստին բացակայող բաժանմունքների նախագահներն իրենց դիրքորոշման մասին նախապես հայտնել էին վարչությանը: Այն հիմնականում չէր տարբերվում ներկաների կարծիքից: