Զորամասերում պարտադիր պետք է լինեն ընտրությանը մասնակցող ուժերի քարոզչական պաստառները. «Ելք»-ի առաջարկը
«Ելք» դաշինքն առաջարկում է զորամասերում առանց անցագրային եւ գաղտնիության ռեժիմի փոփոխման ապահովել հավասար քարոզչական պայմաններ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխություններից հարցով աշխատանքային խմբի նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Նրա խոսքով, այդ առաջարկի էությունն այն է, որ կուսակցությունները տպագրված քարոզչական նյութերը հանձնում են ՊՆ-ին, որտեղից դրանք բաշխվում են զորամասերով. «Սա անհրաժեշտ է, որ զինծառայողները եւս ծանոթանան կուսակցությունների գործունեությանը, քաղաքական ծրագրերին եւ կարողանան որոշում կայացնել»:
ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նկատեց, որ գործող օրենսդրությունը դա չի արգելում, դա նորմալ պրակտիկա է: Նա նաեւ առաջարկեց այդ դրույթը տարածել նաեւ ազատազրկման վայրերի եւ հիվանդանոցների վրա, ինչն ընդունվեց ներկաների կողմից:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ օրենսդրությունը դա չի արգելում, բայց այն պետք է մտցնել որպես իմպերատիվ պարտադիր նորմ: