Սրտիս ասես մի բան վկայում էր, ցանկացա տեսնել Նադյային, դրանից 15-20 րոպե անց ընկերուհիս մահացավ. Գայանե Հովհաննիսյան
Երեկ երկարատեւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանը: Միշտ ժպտացող, ուժեղ, պայքարող Նադյան իր օրինակով ապացուցեց՝ կյանքը պետք է սիրել, պայքարել ամեն օրվա համար, հավատալ ու հուսալ, եւ երբեք ու երբեք կանգ չառնել, եթե անգամ ճակատագիրը քեզ համար մեծ փորձություններ է պատրաստել:
Նադեժդա Սարգսյանի կորուստը մեծ է ոչ միայն իր հարազատների եւ ընկերների, այլեւ հայկական մշակույթի համար: Նրա դպրոցն անցած շատ երգիչ-երգչուհիներ կշարունակեն իր ձեռագրով աշխատել եւ անընդհատ հիշել՝ նպատակին հասնելու համար պետք է գործել, չթուլանալ, չծուլանալ:
Նադյան լավ մասնագետ լինելուց զատ՝ նաեւ հրաշալի ընկեր էր, նրա ընկերական շրջանակում տարիքային սահմանափակում չկար: ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանը Նադյայի 45 տարվա ընկերուհին էր: Life.panorama.am-ի հետ զրույցում Գ. Հովհաննիսյանը պատմեց ընկերուհու հետ վերջին հրաժեշտի մասին՝ մահից րոպեներ առաջ:
«Վերջին տասը օրն անընդմեջ եղել եմ հիվանդանոցում՝ նրա կողքին, որովհետեւ այլ կերպ լինել չէր կարող: Իսկ երեկ, երբ նա արդեն գիտակցությունը կորցրած վերակենդանացման բաժնում էր, ընկերուհուս հետ որոշեցինք մտնել նրա մոտ՝ չնայած Նադյայի քույրերի հորդորներին, որ կարիք չկա: Սրտիս ասես մի բան վկայում էր, ցանկացա տեսնել Նադյային, դրանից 15-20 րոպե անց ընկերուհիս մահացավ: Ես դա երբեք, կյանքում չեմ մոռանա, այդ պահը ինձ հետ կլինի մինչեւ կյանքիս վերջ. Դա հրաժեշտ էր ընկերուհուս»,- պատմեց Գայանե Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ այստեղ: