Ձևական քննարկում չպետք է լինի. Սաքունցը ներկայացրեց Հանրային քննարկումների նոր կարգի թերությունները
Չենք կարող հանրային քննարկումների նոր կարգի մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կհակասեն իրավական ակտերի մասին օրենքին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին կառավարության նոր նախագիծ. քաղաքացիական հասարակության առաջարկներն ու մտահոգությունները» թեմայով քննարկմանը հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նա ընդգծեց, որ հանրային քննարկումների նոր կարգի հետ կապված շատ հարցեր պայմանավորված են իրավական ակտերի մասին օրենքում ամրագրված որոշ դրույթներով. «Բնականաբար, կարգի հետ կապված քննարկումների ընթացքում պետք է որոշակի առաջարկներ ներկայացվեն օրենքում փոփոխություն կատարելու ուղղությամբ։ Չենք կարող կարգի մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կհակասեն օրենքին։ Այսինքն՝ ունենք 2 խնդիր՝ կարգի և իրավական ակտերի մասին օրենքում փոփոխություն կատարելու առնչությամբ»։
Իրավապաշտպանը տեսակետ հայտնեց, որ «e-draft-ը պետք է դիտարկել օրենքի նախագիծը քաղաքացիներին հասանելի դարձնելու հարթակ և առաջարկները ի մի բերելու հնարավորություն, այնտեղ բովանդակային քննարկումներ չեն անցկացվում»։
Սաքունցը կարևորում է, որ կարգի մեջ ամրագրված լինի՝ ինչ սկզբունքների հիման վրա պետք է քննարկումները կատարվեն. «Կարգի մեջ պետք է նշվի, որ հանրային քննարկումներ է պետք է հիմնվեն իրավական պետության հստակ սկզբունքերի վրա։ Օրինակ, մեկը կարող է հոմոֆոբ առաջարկ ներկայացնել, դո հո չենք դարձնելու քննարկման առարկա»։
Բացի այդ, նրա կարծիքով, հանրային մասնակցության այն ինստիտուտներին՝ ինչպիսիք են՝ հանրային խորհուրդին, նախարարներին կից հասարակական խորհուրդներին ևս պետք է անդրադարձ կատարվի, «քանի որ սրանք էլ են հանդիսանում հանրային քննարկումների ինստիտուտներ»։ Պետք է նշվի, որ դրանցով չի սահմանափակվում հանրային քննարկումների այլ ձևաչափերը. «Նախարարը կարող է իր հասարակական խորհրդում քննարկում իրականացնել և ասի՝ ես հանրային քննարկում անցկացրել եմ։ Անհրաժեշտ է հանրային քննարկման ձևաչափի հետ կապված հստակություն արվի»։
Իրավապաշտպանը համաձայն չի, որ միջազգային պայմանագրերը հանրային քննարկման ենթակա չեն և օրինակ բերեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը. «ԵՏՄ–ին միանալու որոշումը կամ նմանատիպ պայմանագրերը չեն կարող չքննարկվել, քանի որ կան հանրային շահերին վերաբերող հարցեր»։
Առավել մտահոգում է հանրային քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկների ազդեցությունը. «Այսինքն՝ չլինի ձևական քննարկում։ Քննարկում հանուն քննարկման մենք արդեն անցել ենք։ Առաջարկները մերժելիս պետք է հիմնավորել մերժման պատճառը և ընդունելու դեպքում պետք է համապատասխան լրացումներ կատարվեն։ Այսինքն՝ ապահովվի բովանդակային մասնակցություն, ոչ թե գլխաքանակ ապահովվի»։