«Գյալմա». Արցախի ԱԺ Էթիկայի հանձնաժողովի փակ նիստին մասնակցել է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը
Հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի՝ հունիսի 28-ի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձաժողովը գումարել է հերթական փակ նիստը: Նիստին հանձնաժողովի հրավերով ներկա է եղել նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նիստից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Էթիկայի հանձնաժողովի հաջորդ փակ նիստը նախատեսվում է վաղը՝ հուլիսի 3-ին:
Նշենք, որ հունիսի 28-ին, Արցախի ԱԺ նիստում միջադեպ է տեղի ունեցել պատգամավորներ Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի միջև: Վերջինս հայհոյել է Հայկ Խանումյանին և ստացել նույնպիսի պատասխան: Ժաննա Գալստյանը ծնունդով տավուշցի Հայկ Խանումյանին անվանել է «գյալմա» (եկվոր), ինչը լուրջ քննադատության է արժանացել հասարակության և պատգամավորների շրջանում:
Ավելի ուշ Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել բոլորից՝ նման բառ օգտագործելու համար: