Կառավարության դիմաց հավաքված կանայք պահանջում են ազատազրկված իրենց հարազատներին ազատ արձակել
Տարբեր մեղադրանքներով անազատության մեջ գտնվող տղամարդկանց կանայք, քույրերն ու մայրերն այժմ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք վարչապետից պահանջում են համաներում հայտարարել ու ազատ արձակել իրենց հարազատներին և ընտանիքի անդամներին: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում անձամբ Փաշինյանի հետ:
«Մենք ուրիշ պաշտոնյա չենք ճանաչում, ուրիշ ոչ մեկի համար չենք պայքարել, պահանջում ենք Փաշինյանի հետ հանդիպում: Մեր թվին մի նայեք: Բոլորը խմբերով գյուղերի ճանապարհին են: Կգան, կմիանան մեզ ու մինչև լույս այստեղից չենք գնալու: Ոչ մի անօրինական բան չենք պահանջում»,-կարգը հսկող ոստիկաններին հայտնեցին նրանք, կոչ անելով չավելացնել ոստիկանների թիվը:
Բողոքի ակցիայի մասնակից մի տղամարդ էլ բարկացած մոտեցավ կառավարության շենք շտապող ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին. «Մի հատ ընկերոջդ, վարչապետին հարցրու, ասա, խոստումդ տվել ես, կատարի, գաղութների համաներումն անի: Փաշինյանը հանդիպել է գալադովակա արած էն մարդուն, ասել է՝ քաղբանտարկյալներին ազատ է արձակելու»:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն իջավ ցուցարարների հետ հանդիպելու: Ակցիայի մասնակիցները հրաժարվեցին նրան խնդիրը ներկայացնել՝ պահանջելով Փաշինյանին: